Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կինոն նա թռվռալով էր անում

Կինոն նա թռվռալով էր անում
20.02.2015 | 12:13

Այս տարվա փետրվարի 21-ին լրանում է խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկի, հայազգի ականավոր ռեժիսոր Լև Կոնստանտինի Ատամանովի (Լևոն Ատամանյան) ծննդյան 110-ամյակը։
Ատամանովը հիմնադիրն էր նաև հայկական անիմացիոն կինոյի։ 1936-ին գալով Հայաստան, Երևանի կինոստուդիայում ստեղծում է մուլտարտադրամաս, հավաքագրում է երիտասարդ նկարիչների, նրանց ուսուցանում է արվեստի այդ տեսակի գաղտնիքները և ձեռնարկում նկարահանման աշխատանքները։ Նրա գլխավորությամբ թողարկվում է երեք հայկական մուլտֆիլմ` «Շունն ու կատուն» (1938), «Տերտերն ու այծը» (1939) և «Կախարդական գորգը» (1948)։
Այնուհետև Մոսկվայի «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում մեր հայրենակցի ստեղծած «Դեղին արագիլ» (1950), «Ալվան ծաղիկ» (1952), «Ոսկե այծքաղը» (1954) և «Ձյունե թագուհին» (1957) մուլտհեքիաթները նրան համաշխարհային հռչակ են բերում։ Միջազգային հեղինակավոր կինոփառատոներում այդ ֆիլմերն արժանանում են ամենաբարձր մրցանակների։ Հենց միայն «Ձյունե թագուհին» լիամետրաժ ֆիլմը արժանացել է չորս բարձրագույն մրցանակի։
Լև Ատամանովն իր ինքնակենսագրությունում գրել է. «Իմ նախնիները Նոր Նախիջևանից էին (Դոնի Ռոստով)»։ Իմ «Ատամանով, կյանքը և ստեղծագործությունը» մենագրությունը ընթերցողի առջև բացում է այդ գերդաստանի մինչ այս անհայտ պատմական ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։
Գիրքը գտնվում է տպագրական փուլում։ Առաջաբանը, որը գրել է համաշխարհային անիմացիոն կինոյի նշանավոր վարպետ Յուրի Նորշտեյնը, ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։
Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ
Կինոգետ

Մարդաբանորեն նրա դեմքը ասես կառուցված լիներ ոչ միայն զրուցակցին, այլև շրջակա բոլոր մարդկանց մշտական ժպիտ ու բարեհաճություն պարգևելու համար։ Եվ միաժամանակ աներևակայելի պահանջկոտ էր արվեստում։ Ինձ համար դժվար է մուլտիպլիկացիայի համաստեղությունում նշել էլի մեկին, ով սովորություն ունենար միայնակ նստելու խմբագրի գրասեղանի մոտ և անընդհատ շարժելու ոտքերը։
«Մուլտիպլիկացիայի համաստեղություն». չգիտես ինչու, սա տեղ չի գտել աստղաբաշխական ատլասներում, ինչը տարօրինակ է։ Որովհետև, ասենք, «Ոսկե այծքաղի» համաստեղությունը «Որսկան շների» կամ «Պեգասի» համաստեղությունից վատ չի հնչում, առավել ևս, որ Պեգասը «գեղեցիկ բանահյուսության» (Բրոդսկի) դասից է, բայց անհասկանալի պատճառով իր կոչման մի մասը մուլտիպլիկացիային չի ընծայել։ Չէ՞ որ մենք էլ ենք պոեզիայի տեսակ, իսկ եթե բառեր չեն հնչում մեր խոսքում, ուրեմն գուցե մենք հնարել ենք մի այլ շաղախ, մի այլ խմիչք և, հայացքներս սահեցնելով մեր ամբողջ մուլտիպլիկացիոն երկնակամարի վրայով, բարձրացնում ենք նրա աստիճանը, նրա թնդությունը` ըստ մեր յուրօրինակ աստղային քարտեզի (այստեղ առանց հայկական հինգաստղանի կոնյակի յոլա չես գնա)։


Ես անշտապ, կում-կում վայելում էի Ատամանովի բաղադրատոմսով արված ֆիլմ-խմիչքը։ Ֆիլմը անզուգական էր` էկրանային հերոսի հոգեբանական անբասիր ապրումների շշմեցուցիչ զգացումով։ Լև Կոնստանտինովիչը իր անափ բարության ուժով նույնիսկ սրիկա հերոսին էր գրավիչ կողմերով ներկայացնում։ Դրանք միայն ընդգծում էին հեղինակի մտադրությունների լրջությունը` սրիկայի մասին ամեն ինչ պատմելու նրա վարքագծի գաղտնիքների միջոցով։ Այդպիսին են ռաջան ու նրա ծառան «Ոսկե այծքաղում»։ Եվ ի՜նչ ճշգրիտ հնարքներով է ռեժիսորը գնահատել հերոսների վարքը։ Ինձ երբեմն թվում է, թե Ատամանովը կարող էր հունական վեհասքանչ ողբերգություն նկարել` ռոքով համեմված։ Ե՛վ հերոսները հմայիչ կլինեին, և՛ մուլտնախաբեմում նրանց կյանքն անտանելի։ Մի ժամանակ ես ցնցված էի Պազոլինիի «Մեդեայի» այն տեսարանից, որտեղ, իմանալով Յասոնի դավաճանության մասին, Մեդեան կատաղությունից պատեպատ է խփվում. նրա հագի տունիկայի կատաղի տոռնադոյի հետքով աղախինները կրկնում են իրենց տիրուհու խելահեղ մրրիկը։ Եվ որքան զարմացա, երբ նույնպիսի միզանսցեն տեսա այլ հանգամանքներում, որտեղ ռաջան ճեմելով խոսում է ծառայի հետ, որը քայլում է նրա հետքով, ճիշտ և ճիշտ կրկնելով նրա քայլքը։ Ռեժիսոր Ատամանովն ուղղակի շշմելու է հնարել այդ միզանսցենը, այն մտքի, կերպարի ու գործողության անբասիր համատեղում է։ Դրան ավելացրեք նաև հումորի զգացումը։
Եվս մեկ կարևոր հանգամանք. Ատամանովն օգտվում էր «կենդանի» նկարահանումից, այսինքն` իսկական թատերական դերասանները նկարահանվում են առաջադրված միզանսցենում և նրանց խաղի համաձայն մուլտիպլիկացիոն քայլք է արվում («Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում այդ տեխնիկան կոչվում էր «էքլեր»)։ Մուլտիպլիկացիոն ռեժիսորներից թերևս միայն Ատամանովն էր օգտագործում այդ մեթոդը, այն հասցնելով արվեստի մակարդակին։ Բնական շարժման մեքենական կրկնօրինակումը անմտության է հանգեցնում։ Նրան պատկերավորություն են հաղորդում, անշուշտ, բեմադրող ռեժիսորները։ Ինձ Լյոլյան պատմում էր, թե ինչպես էին ինքն ու Սաշա Վինոկուրովը (Լեոնիդ Արոնովիչ Շվարցմանը և Ալեքսանդր Վասիլևիչ Վինոկուրովը` Ատամանովի «Ալվան ծաղիկը», «Ոսկե այծքաղը», «Ձյունե թագուհին» և այլ ֆիլմերի բեմադրող նկարիչները) մշակում բնապայման նկարահանումը, իսկական դերասաններին վերածելով մուլտիպլիկացիոն հերոսների։ Զարմանալի է, ռաջայի դերը կատարում էր ականավոր դերասան և ռեժիսոր Ռուբեն Սիմոնովը։ Մինչ օրս էլ արդյունքը հիացմունք է պատճառում։ Էկրանին ոչ թե սոսկ քայլք է, այլ մանրաքայլք։ Թվում է, հեշտ է գլորվել նատուրալիզմի վիհը։ Բայց դերասանական նրբագեղ շարժումները մուլտիպլիկատորների մատիտի ներքո հասել են կատարելության։ Հաճախ համեմատելով խաղարկային և մուլտիպլիկացիոն կինոները, ես այն հետևությանն եմ հանգում, որ մուլտիպլիկացիայի նույնիսկ ամենաաննշան շարժումը ավելի է սրվում, ավելի նշանակալի է դառնում պերսոնաժի ոգի առած ստատիկայի պարագայում։ Եթե խոսելու լինենք մաթեմատիկայի լեզվով, ապա մուլտիպլիկացիայի շարժումը բնական շարժման համեմատ ավելի սրաթափանց է։
Նման պարզորոշություն մենք տեսնում ենք թատերական արվեստում, քանի որ թատրոնն արվեստի ավելի պայմանական ձև է խաղարկային կինոյի համեմատ։ Նույն բանն են մնջախաղը, բալետը, ծաղրածվությունը։ Լև Կոնստանտինովիչը երեխայի նման տրվում էր թատերգական իրադրությանը։ Աստված իմ, ի՜նչ պստիկ ավազակուհի է։ Նրա մեջ Գերդայի ազդեցությամբ մարդկային կարեկցանք է ծնվում։ Բայց ի՜նչ նրբորեն է տեսարանը ռեժիսորական մարմնավորում ստացել. վանդակներից ազատ արձակելով իր գերիներին` գազաններին ու թռչուններին, ավազակուհին այս անգամ սկսում է տառապել իր սենտիմենտալությունից, շինծու կոպտությամբ ճնշելով իր ապրումներն ու զսպելով արցունքները։ Ի՜նչ ճշգրտությամբ է մշակված խառնվածքը, և ի՜նչ բազմաշերտ ու ծավալուն է կերպարը։
Ինձ համար անակնկալ չէր Հայաո Միյաձակիի պատմությունը Ատամանովի «Ձյունե թագուհու» մասին։ Ճապոնացի ռեժիսորի համար այդ ֆիլմը դարձավ գեղարվեստական հայտնություն և ընդմիշտ մնաց որպես մուլտիպլիկացիայի հեղինակավոր գեղարվեստական ստեղծագործություններից մեկը։
Լև Ատամանովը դասական մուլտիպլիկացիայի ներկայացուցիչ է։ Նա երկար ժամանակ գլխավորում էր «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի գեղարվեստական խորհուրդը։ Ես երբեմն մտածում եմ, որ իմ ճակատագիրը ստուդիայում կարող էր չդասավորվել, եթե չլիներ Ատամանովի ուշադրությունը մուլտիպլիկացիայի այլ ձևերի նկատմամբ։ Սա ռեժիսորի ստեղծագործական ընդգրկման մեկ այլ եզր է։ Գլխավորել գեղխորհուրդը նշանակում է ուշադրություն ցուցաբերել տարբեր մտածելակերպերի հանդեպ, որոնք կարող են նաև հակասել քո սեփականին։ Ես հիշում եմ իմ «հեքիաթների հեքիաթի» առթիվ գեղխորհրդում Լև Կոնստանտինովիչի ասած խոսքերը. «Մենք պետք է օգնենք խմբին ու ռեժիսորին` ավարտելու ֆիլմը։ Մենք այսօր վկա եղանք աննախադեպ մուլտիպլիկացիայի»։ Այստեղ ես պետք է այսօրվա շատ «վտվտանների» հարձակումներից պաշտպանեմ գեղխորհրդի դերը ֆիլմի ճակատագրում։ Այն ժամանակ` 1979 թվականին, ստուդիայի տնօրենն անգամ չէր համարձակվում հակառակվել գեղխորհրդին։ Նրա մեջ մտնում էին ֆանտաստիկ պրոֆեսիոնալներ. ռեժիսորներ, բեմադրող նկարիչներ, սցենարիստներ, մուլտիպլիկատորներ։ Ատամանովի հեղինակությունն անառարկելի էր։
Հայաստանի մուլտիպլիկացիոն ստուդիայում նայելով նոր ֆիլմերը, նա ակնթարթորեն առանձնացրեց Ռոբերտ Սահակյանին, որն ամենևին նման չէր ո՛չ Ատամանովին, ո՛չ այն ամենին, ինչ արվում էր մուլտիպլիկացիայի ասպարեզում։
Ինչպես մանրամասնորեն Լև Կոնստանտինովիչը խորամուխ էր լինում իր հերոսների խառնվածքին ու իրադրությանը, այնպես էլ նրբորեն զգում էր իր աննշմարելի կապը շրջակա տարածության հետ։ Առհասարակ դա կոչվում է մտքի մշակույթ։
Լյոլյա Շվարցմանն ինձ պատմում էր, որ, որպես կանոն, իր նկարած պերսոնաժներից յուրաքանչյուրն իր նախատիպն ունի։ Օրինակ, «Կորել է թոռնուհիս» ֆիլմում պապիկի նախատիպը Գրիշա Կոզլովն է` ռեժիսորն ու նկարիչը, «Թաթմանը» ֆիլմի մայրը մեր ստուդիայի նկարիչ Տամարա Պոլետնիկան է, «Թաթմանի» բուլդոգը ֆիլմի ռեժիսոր Ռոման Կաչանովն է։ Ես կարծում եմ, որ «Ձյունե թագուհու» Օլե-Լուկոյեն հենց ինքը Լև Կոնստանտինովիչ Ատամանովն է։ Այդ դերը խաղացել է մուլտիպլիկատոր Ֆյոդոր Սավելևիչ Խիտրուկը` մուլտիպլիկացիայի ապագա մյուս լեգենդը։
Ես միշտ ինձ հարց եմ տալիս. առհասարակ ինչի՞ համար է արվեստը։ Իր համար, դե, ապրում ու ապրում է բնությունը, և կարևոր չէ, մարդը կա՞, թե՞ ոչ, զննող-հայեցողը կա՞, թե՞ ոչ, մտածողը կա՞, թե՞ ոչ։ Բայց կյանքը և՛ զգացմունքի, և՛ մտքի միասնությունն է, այն դատարկ է, երբ լցված չէ սրտառուչ գիտելիքով։ Առանց մարդու տիեզերքը դատարկ է։ Իսկ արվեստը մարդուն տիեզերական ներշնչանք է պարգևում։
Հաջողության այսօրվա չափանիշը փողն է, բայց ինչո՞ւ են հասարակության մեջ խզվում կապերը, և Համլետի խոսքերը` «դարը խեղվել է», «ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել», փոխաբերություն չեն, այլ ախտորոշում։ Ավելորդանում է կրթությունը, փարիսեցիանում` բարությունը։ Բայց ախր վերջապես հասկանալ է պետք, որ ճշմարիտ բարությունը ցնցումներով է հատուցում։ Տղան, հրապուրված մեղվով, որը փորփրում է ծաղիկը, հավաքելով և հետևի թաթիկների բնիկներում տեղավորելով անուշաբույր ծաղկափոշին, պատկերացում անգամ չունի, որ այս անդորրի համար մարտնչել են մարդկության լավագույն գլուխներ, փիլիսոփաներ, արվեստագետներ, պատերազմում զոհվել են զինվորներ։ Բայց կգա ժամանակը, և այդ տղան իր խելքով, սրտով, իր ձեռքերով կպաշտպանի իր նման մեկին, որ զմայլված նայում է ծաղկի խորքերը փորփրող մեղվին։ Եվ նա կանի դա, որովհետև նրան էլ մի ժամանակ փրկել է ինչ-որ մեկի բարությունը, և բնության հետ միասնության նրա անդորրը մնացել է անխախտ։ Ահա սա է կյանքի ճշմարիտ շղթան, բայց ինչքա՜ն թանկ է տրվում այդ հասարակ և աշխարհիս երեսի ամենաբարդ ուղին։
Դեպի Ատամանովն էին ձգվում բոլորը։ Նա երջանկություն էր արարում։ Նա կյանքի կապակցող կենտրոն էր։ Ոչ միայն ստեղծագործական խմբում, այլև ամբողջ ստուդիայում։ Եթե Լև Ատամանովի ստեղծագործական ուղին բանաձևելու լինենք մեկ բառով, ապա դա բարու ձգտումն է։
ՈՒզում եմ հավատալ, որ Սերգեյ Գալստյանի այս հիանալի գրքի ընթերցողը կզգա ատամանովյան սրտառուչ գիտելիքը, որը միշտ բարու նախակարապետն է, և կձուլվի աշխատանքի, զրույցների, անեկդոտների, ստեղծագործական վեճերի, մեր երբեմնի անկրկնելի «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի զանազան անհավանական պատմությունների բերկրալի մթնոլորտին։
Մյուս ընթերցողներին, գրասերներին ու բոլոր նրանց, ում առջև գիրքը գիտելիքի ձեռքբերման, ապրումների ու ճշմարտությանը հասու լինելու ճանապարհ է բացում. ձեր ձեռքին մի գիրք է մուլտիպլիկացիայի բնագավառի ամենապայծառ, ժպտերես անհատականություններից մեկի` Լև Ատամանովի մասին։
Այս տարի լրանում է ռեժիսոր Ատամանովի 110-ամյակը, և հնարավոր է` սա՛ լինի գրքի ծննդյան պատճառը։ Այնուամենայնիվ, հոբելյանական առիթներից զատ, կա նաև հոգու կանչ, սրտի պատվեր։
Գրքի հեղինակը Սերգեյ Գալստյանն է, կինոքննադատ, որ խոր արմատներ է արձակել կինեմատոգրաֆում, ինչն ինքնըստինքյան խիստ կարևոր է։ Որպեսզի կարողանա լավ գրել, քննադատը պետք է հրմշտվի ռեժիսորների միջավայրում, նստի-վեր կենա նրանց հետ, խմի ընդհանուր սեղանի շուրջը, լսի նրանց թաթալաբազությունները, նրանց մեջ բացահայտի ոչ միայն լուրջ մարդկանց, այլև ստեղծագործելու համար անհրաժեշտ ցնորաբանությունը` կինոյում խաղալ կարողանալը այնպես, ինչպես երեխաներն են խաղում ավազների մեջ։ Սիրածս խոսքը հիշեմ, որն ինձ մնացել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հյուսն Ստեպան Միխայլովիչից. «Ինչքան էլ գովեն` մենք նույն խելառն ենք»։ Հիշո՞ւմ եք Պուշկինին. «Իսկ պոեզիան, թող ներող լինի Տերը, պետք է մի քիչ գժական լինի»։
Ատամանովի մասին կարելի է ասել, որ նա կինոն թռվռալով էր անում։ Այս մասին դուք, թանկագին ընթերցողներ, կկարդաք այս գրքում։ Ատամանովը կախարդի նման թևքից հանում ու ֆիլմի էր վերածում և՛ հայկական դասականը, և՛ ռուսականը, և՛ հնդկական հեքիաթն էր նյութ դառնում նրա ձեռքին, և՛ դանիացի հանճարի աներկբայելի գլուխգործոցը։ Բացի այդ, Ատամանովն օգտվում էր Հեռլուֆ Բիդստրուպի կատարյալ գրաֆիկայից, և այդ, թվում է, խայտաբղետ խմբին միացնում էր ատամանովյան անզուգական ռեժիսուրայի նրբագույն հոգեբանությունը։
Սերգեյ Գալստյանը ճիշտ է վարվել` Ատամանովի մասին պատմությունը համեմելով աշխատակիցների, ընկեր-բարեկամների, արվեստակիցների, այնքան բերկրալի, վեհ աշխատանքի գծով «խցակիցների» հուշերով։ Կատարվել է նյութերի հավաքման, պատմական և ստեղծագործական շարժման վերականգնման հսկայական աշխատանք։ Ես հույս ունեմ, որ երկու եղբայրական պետությունները կկարողանան միջոցներ գտնել Ատամանովի կինեմատոգրաֆիական երկերի լիակատար ժողովածուն հրատարակելու և հանդիսատեսին ու ընթերցողին մեր ընդհանուր պատմությունը վերադարձնելու համար։
Ընթերցող, վստահիր այս գրքի հեղինակ Սերգեյ Գալստյանին։ Դու կանցնես բաց արահետով, և գրքից հետո հաջորդ քայլը պետք է դառնան հիասքանչ ռեժիսոր Լև Կոնստանտինովիչ Ատամանովի ֆիլմերը։


Յուրի ՆՈՐՇՏԵՅՆ
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր
ՌԴ ժողովրդական արտիստ
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ